MONT TECH Հայաստանի կորպորատիվ էթիկայի կանոններ

1. Նպատակը

Կորպորատիվ էթիկայի կանոնները (այսուհետ՝ Կանոններ) ներքին կազմակերպչական և կարգապահական փաստաթուղթ է, որը կարգավորում է Ընկերության Ներքին և Արտաքին գործունեության էթիկական, իրավական և վարքականոնային սկզբունքները:

Կանոնների նպատակն է բարձրացնել Ընկերության հեղինակությունը, կորպորատիվ մշակույթի մակարդակը, ապահովել թափանցիկություն, բարոյական վարքագիծ, կանխարգելել շահերի բախումը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և ապահովել առողջ աշխատանքային միջավայր:

Կանոնների հիմնական նպատակներն են՝

  • Ընկերության ռազմավարական նպատակների իրականացումը,
  • Ընկերության աշխատակիցների վարքագծում և գործունեության մեջ բարոյական սկզբունքների հաստատումը,
  • Ընկերության աշխատակիցների միջև փոխհարաբերությունների սահմանումը,
  • Ընկերության աշխատակիցների՝ իրենց պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվություն կրելու մշակույթի ձևավորումը։

Կանոնները մշակվել է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Ընկերության ներքին իրավական ակտերի և Ընկերության ռազմավարության հիման վրա։

Կանոնների ընդունման միջոցով Ընկերությունը հաստատում է բարձր կորպորատիվ մշակույթի պահպանման իր պարտավորությունը՝ պահպանելով Կանոնների դրույթները և կիրառելով դրանք ամենօրյա գործունեության ընթացքում։

Սույն Կանոնները կիրառվում է Ընկերության բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքացիաիրավական հիմունքներով աշխատող, և բիզնես Գործընկերների նկատմամբ:

Ընկերության աշխատակիցները իրենց ամենօրյա գործունեությունն իրականցնելիս պարտավոր են առաջնորդվել Կանոններով։

Ընկերության յուրաքանչյուր աշխատակից Կանոններին ծանոթանալու պահից պարտավորվում է ստանձնել սույն Կանոնների պահպանման պարտավորությունը։

2. Կանոնների շրջանակը

Սույն Կանոնները ներառում է բոլոր գործողությունները, ներառյալ՝

  • աշխատակիցների և Ընկերության միջև հարաբերությունների կարգավորում,
  • աշխատանքային թիմի պատշաճ վարքագծի սահմանում և պաhպանում,
  • ներդրողների և Գործընկերների հետ համագործակցություն,
  • պետական մարմինների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ համագործակցություն,
  • նվերների հանձնում և ստացում, ծառայությունների մատուցում և ստացում,
  • շահերի բախում,
  • գաղտնիություն,
  • տարաձայնությունների կարգավորում,
  • ահազանգման համակարգ,

Կանոնների պահպանում և խախտման համար պատասխանատվություն։

3. Սահմանումներ

  • «Ընկերություն» — «ՄՈՆՏ» ՍՊԸ,
  • «Կանոններ» — Կորպորատիվ էթիկայի կանոններ,
  • «Արտաքին հարաբերություն» — Ընկերության և երրորդ անձանց միջև կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի կամ այլ  գործարքների հիման վրա ստեղծվող հարաբերություններ,
  • «Ներքին հարաբերություն» — Ընկերության և իր աշխատակիցների, ինչպես նաև աշխատակիցների միմյանց միջև ստեղծված կամ ստեղծվող հարաբերություններ,
  • «Գործընկեր» — ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ՝ գործընկեր, մատակարար, վաճառող, գնորդ, կապալառու, բանկ, պետական ​​մարմին և կազմակերպություն, ինչպես նաև այլ անձինք, որոնց հետ առկա է Գործարար հարաբերություն, կամ նախատեսվում է ձեռք բերել։

4. Կանոնների կիրառումը Ներքին հարաբերություններում

4.1 Ընկերության յուրաքանչյուր աշխատակից, առաջին հերթին, համարվում է ներդրող, ակտիվորեն ստեղծում և ներդնում է իր մարդկային կապիտալը։

4.2 Ընկերության աշխատակիցները պետք է ձգտեն զարգացնել և արտահայտել իրենց բազմաբնույթ որակները՝ իրենց և Ընկերության գործունեության բարձր արդյունավետության ապահովման համար։

4.3 Ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցի համար հնարավորություն է ստեղծում մասնակցություն ունենալ իրենց հետ համագործակցության պայմանները որոշելու հարցում։

4.4 Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի հիմնական հատկանիշներն են՝ պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, վճռականությունը, նախաձեռնությունը, զարգանալու ցանկությունը, ազնվությունը, արդարությունը և բարձր կորպորատիվ մշակույթի պահպանման պատրաստակամությունը։

4.5 Ընկերությունում աշխատանքը ենթադրում է աշխատակիցների բարձր արտադրողականություն, ինչը նպաստում է Ընկերության մրցունակության պահպանմանը և կայուն աճին։

4.6 Ընկերության աշխատակիցների հետ հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ փոխգործակցության, փոխադարձ պարտավորությունների պատշաճ կատարման վրա։

4.7 Ընկերությունը մարդկային կապիտալը համարում է հաջողակ գործունեության աղբյուր։ Հաշվի են առնվում աշխատողների անձնական շահերը, ուշադրություն է դարձվում նրանց ներուժի զարգացմանը, սոցիալական երաշխիքների ապահովմանը և արժեքային գերակայությունների պահպանմանը։

4.8 Ընկերության մրցունակության բարձրացումը բիզնես գործունեության մեջ իրականացվում է թիմային և կոլեկտիվ աշխատանքի կազմակերպման միջոցով։ Ընկերության կարևոր արժեքներից է թիմային աշխատանքը, որը, սակայն, չի բացառում և չի նվազեցնում աշխատակիցների անհատական պատասխանատվությունը օրենսդրությամբ և Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված իրենց պարտավորությունների խախտման համար։

4.9 Ընկերության բոլոր աշխատակիցների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա։ Աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների լուծման հարցում Ընկերության աշխատակիցները առաջնորդվում են Ընկերության շահերով, Կանոններով, արդարության և ազնվության սկզբունքներով։

4.10 Գործարար և աշխատանքային միջավայրում ստեղծվող բոլոր իրավիճակներում աշխատակիցները պարտավոր են նախ և առաջ առաջնորդվել Ընկերության շահերով, պահպանել նրա հեղինակությունն ու բարի համբավը՝ ներառյալ Գործընկերների և թիմի յուրաքանչյուր անդամի հանդեպ իրենց վերաբերմունքում։

4.11 Ընկերության աշխատակիցը պարտավոր է ցանկացած իրավիճակում բացառել և չթույլատրել Գործընկերների անձնական արժանապատվության կամ մասնագիտական հեղինակության նվաստացումը։

4.12 Աշխատակիցների համախմբվածությունն ու համագործակցությունը հնարավորություն են տալիս արդյունավետ և արագ լուծել աշխատանքային խնդիրները, ինչը բարձրացնում է Ընկերության մրցունակությունն ու գրավչությունը գործարար միջավայրում։

4.13 Աշխատանքային հարցերի շուրջ հաղորդակցվելիս անթույլատրելի են անձնական շահերով, կողմնակի ազդեցություններով կամ էթիկական չափանիշներին չհամապատասխանող մոտեցումներով պայմանավորված լուծումները։

4.14 Ընկերության ստեղծման, զարգացման և արդյունավետ գործունեության հիմքում ընկած է կայուն և արդյունավետ տեղեկատվական միջավայրը, որտեղ աշխատակիցները կարող են ազատորեն փոխանակել աշխատանքային հարցերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն։ Սա ապահովում է աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, գործընթացների ամբողջականությունը և անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը յուրաքանչյուր աշխատակցի համար։

4.15 Խրախուսվում է աշխատակիցների ակտիվ մասնակցությունը և հաղորդակցությունը Ընկերության տեղեկատվական հարթակներում, անձնական հանդիպումների, քննարկումների կազմակերպումը և մասնագիտական կարծիքների փոխանակումը։ Այսպիսի հաղորդակցությունը նպաստում է կորպորատիվ մշակույթի ամրապնդմանը և Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը։

4.16 Աշխատակիցներին թույլատրվում է աշխատանքային խնդիրները լուծել ոչ ֆորմալ եղանակով (առանց պարտադիր գրավոր ընթացակարգերի), եթե նման մոտեցումը նպաստում է ավելի արագ, արդյունավետ և որակյալ աշխատանքի իրականացմանը։

4.17 Ընկերությունը խրախուսում է աշխատակիցների միջև համագործակցության բոլոր ձևերը՝ ներառյալ համատեղ նախագծերի իրականացումը, աշխատանքային հարցերի քննարկումն ու լուծումը, զարգացման նոր ուղիների մշակումը, ինչպես նաև մշակութային և մարզական համատեղ նախաձեռնությունները։ Այս ձևաչափերը նպաստում են թիմային ոգու ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետ գործունեությանը։

4.18 Աշխատակիցները պարտավոր են գործել խելամիտ զգուշությամբ՝ ապահովելով, որ իրենց գործողությունները չվնասեն այլ անձանց, լիովին համապատասխանեն օրենսդրության պահանջներին և սույն Կանոններով սահմանված չափանիշներին:

5. Կանոնների կիրառումը Արտաքին հարաբերություններում

5.1 Ընկերության Արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքները

5.1.1 Ընկերությունը կառուցում է իր Արտաքին հարաբերությունները հարգանքի, վստահության, արդյունավետ համագործակցության ներքո՝ բացառելով շահերի բախման, դիրքի չարաշահման և/կամ կոռուպցիոն գործունեության ցանկացած դրսևորում և/կամ ՀՀ օրենսդրությամբ արգելող ցանկացած գործողություն։

5.1.2 Ընկերության աշխատակիցների առաջնային պարտականություններից է ձևավորել և պահպանել Ընկերության Գործընկերների ու հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ և վստահելի համագործակցություն։ Յուրաքանչյուր աշխատակից հանդիսանում է ընկերության ներկայացուցչի արժանի օրինակ և պարտավոր է պաշտպանել նրա հեղինակությունը։

5.1.3 Աշխատակիցները պարտավոր են կենտրոնանալ արդյունավետ թիմային աշխատանքի վրա՝ ցուցաբերելով հարգալից վերաբերմունք Գործընկերների, հաճախորդների և նույնիսկ մրցակիցների նկատմամբ՝ հետևելով գործարար էթիկայի բարձր չափանիշներին։

5.1.4 Ընկերությունը պարտավորվում է ապահովել իր գործունեության վերաբերյալ ճշգրիտ, ամբողջական և հավաստի տեղեկատվության հրապարակայնությունը, այդ թվում՝ արժեթղթերի շուկայի հետ կապված հարաբերություններում։

5.2 Հարաբերությունները ներդրողների, Գործընկերների և մրցակիցների հետ

5.2.1 Ընկերության Արտաքին հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքների վրա:

5.2.2 Ընկերությունը ձգտում է իր Գործընկերների հետ ձևավորել և պահպանել կայուն, վստահելի և փոխշահավետ հարաբերություններ` բավարարելով վերջիններիս` բարձրորակ ծառայություններ ստանալու պահանջմունքները և գերազանցելով նրանց սպասելիքները:

5.2.3 Ընկերությունը շահագրգռված է ստեղծել և զարգացնել գործընկերություն ներդրողների, Գործընկերների և մրցակիցների հետ, որտեղ յուրաքանչյուր կողմ պատասխանատու և հետևողական կերպով կատարում է իր պարտականությունները։

5.2.4 Ընկերության գործունեությունը կենտրոնացած է Գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության վրա։

5.2.5 Ընկերությունը բարձր է գնահատում իր հեղինակությունը և խիստ հետևողական է այն պահպանելու հարցում։ Իր գործունեության բոլոր ոլորտներում Ընկերությունը ձգտում է ապահովել արդար, ազատ և բաց մրցակցություն՝ պահպանելով գործարար էթիկայի և օրենսդրության բոլոր պահանջները:

5.2.6 Ընկերությունը գործարար հարաբերությունները հաստատում է՝ իր գործունեություն լիովին համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Ընկերության ներքին իրավական ակտերին և սույն Կանոններին։

5.3 Հարաբերությունները պետական մարմինների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ

5.3.1 Ընկերությունը կառուցում և պահպանում է հարգալից, կառուցողական և թափանցիկ հարաբերություններ պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ բացառելով շահերի ցանկացած բախում և հետևելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։

5.3.2 Ընկերությունը չի ձեռնարկում անարդար կամ անհարկի փորձեր ազդելու պետական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումների կայացման վրա։

5.3.3 Ընկերությունը օրինապահ հարկ վճարող է, ամբողջությամբ և ժամանակին կատարում է հարկային պարտավորությունները և ապահովում հաշվապահական հաշվառման վարումն ու իր գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը։

5.3.4 Ընկերությունը ձգտում է պահպանել լրատվամիջոցների հետ հաղորդակցության բարձր չափանիշներ՝ թույլատրելով ԶԼՄ-ների հետ հաղորդակցությունը միայն իր լիազորված ներկայացուցիչներին։

5.3.5 Աշխատակիցներին խստիվ արգելվում է իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակից դուրս տեղեկություններ, փաստեր կամ տվյալներ տարածել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներին, ինչպես նաև որևէ կերպ չարաշահել պաշտոնական դիրքը։

5.4 Նվերներ և ծառայություններ

5.4.1 Ընկերությունը, բարձր գնահատելուվ արդարության, ազնվության, վստահության և փոխադարձ հարգանքի միջավայրը, խստորեն դատապարտում է կոռուպցիան` իր բոլոր դրսևորումներով, և չի հանդուրժում այն իր աշխատակիցների և Գործընկերների աշխատանքում:

5.4.2 Ընկերության աշխատակիցներին արգելվում է ընդունել, առաջարկել, պահանջել և ստանալ որևէ տեսակի կաշառք:

5.4.3 Ընկերության     աշխատակիցներին խորհուրդ չի տրվում նվերներ կամ ծառայություններ ստանալ երրորդ անձանցից կամ երրորդ անձանց հանձնել նվերներ կամ մատուցել ծառայություններ՝ որպես երախտագիտություն։ Դրամական արտահայտությամբ ցանկացած նվերի ստացումը խստիվ արգելվում է, անկախ դրա չափից։

5.4.4 Ընկերության կողմից իր հաճախորդներին և Գործընկերներին տրամդրվող նվերները և մատուցվող ծառայությունները համարվում են տրված/մատուցված միայն Ընկերության անունից։ Տրվող նվերները նախընտրելի է լինեն Ընկերության խորհրդանիշները կրող հուշանվերներ։

5.4.5 Նվերները և ծառայությունները չպետք է կասկածի տակ դնեն Ընկերության կամ նրա աշխատակիցների պատիվը և գործարար համբավը:

6. Շահերի բախում

6.1 Ընկերության բոլոր աշխատակիցներն անձնական ու գործնական հարաբերություններում պարտավոր են բացառել շահերի բախում առաջացնող և/կամ պարունակող իրավիճակները և խուսափել դրանցից:

6.2 Շահերի բախում առաջանում է, երբ.

  • անձնական կամ ընտանեկան շահը կարող է ազդել Ընկերության անունից ողջամիտ և անկողմնակալ որոշում կայացնելու վրա և/կամ խոչընդոտել Գործընկերների, ներդրողների և հաճախորդների նկատմամբ պարտականությունների կատարմանը,
  • բախվում են երկու կամ ավել Գործընկերների, հաճախորդների կամ ներդրողների շահերը` էապես վտանգելով դրանցից մեկը կամ բոլորը,
  • բախվում են Ընկերության և Ընկերության Գործընկերների, հաճախորդների կամ ներդրողների շահերը:

6.3 Շահերի բախման դեպքում աշխատակիցը պարտավոր է տեղեկացնել դրա մասին և թույլտվություն ստանալ գործարար հարաբերությունը շարունակելու համար:

6.4 Ընկերության աշխատակիցներն իրավունք ունեն վարելու սեփական ձեռնարկատիրական գործունեություն` պայմանով, որ դա չի հակասում Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին և չի առաջացնում շահերի բախում:

6.5 Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու համար կամ դեպքում Ընկերության աշխատակիցները պետք է նախապես տեղեկացնեն և համաձայնություն ստանան: Ընդ որում թույլտվություն տրվում է, եթե նման հավելյալ աշխատանքը չի խոչընդոտում աշխատակցի կողմից Ընկերությունում պարտականությունների կատարմանը, չի առաջացնում շահերի բախում և համապատասխանում է ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին: Որպես կանոն, աշխատակիցներին թույլատրվում է զուգահեռաբար զբաղվել գիտական կամ կրթական գործունեությամբ, եթե այն չի հակասում սույն Կանոններին։

6.6 Քաղաքական կյանքում ներգրավված աշխատակիցները պարտավոր են բացառել դրա ազդեցությունն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման վրա, ինչպես նաև դրա հետևանքով շահերի հնարավոր բախումը: Արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործել Ընկերության անունը կամ միջոցները որևէ քաղաքական կուսակցության, թեկնածուի կամ արշավի սատարելու նպատակով:

6.7 Ընկերության բոլոր աշխատակիցները պարտավոր են հետևել Ընկերության շահերի բախումներին վերաբերող Ընկերության այլ ներքին իրավական ակտերին և սույն Կանոններին:

7. Գաղտնիություն

7.1 Ընկերության բոլոր աշխատակիցները պարտավոր են խստորեն պահպանել գաղտնիության կոնոնները և չբացահայտել և չչարաշահել Ընկերության և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում կամ պատահաբար իրենց հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն ներառյալ` Գործընկերների, հաճախորդների, ներդրողների և այլ անձանց, վերաբերող տեղեկությունները։

7.2 Գաղտնիության պահանջը գործում է նաև աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումից հետո անորոշ ժամկետով:

8. Տարաձայնությունների կարգավորումը

8.1 Ընկերության բոլոր աշխատակիցները պարտավոր են խուսափել կոնֆլիկտային վարքագծից և միմյանց կամ Ընկերության միջև տարաձայնություններից՝ պահպանելով Գործընկերների, հաճախորդների և այլ շահագրգիռ կողմերի շահերը, առաջնահերթությունները, պրոֆեսիոնալիզմի պահանջները, գենդերային հավասարության սկզբունքները և ազգային-մշակութային փոխհարգանքը։

8.2 Պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակները պետք է ժամանակին հայտնաբերել, գնահատել և նվազագույնի հասցնել՝ ապահովելով դրանց նկատմամբ մշտական վերահսկողություն։

8.3 Ընկերության արդյունավետ գործունեությունը պահանջում է, որ յուրաքանչյուր աշխատակից հստակ հասկանա իր պարտականությունների և պատասխանատվության շրջանակը, ինչպես նաև կանխի կամ վերացնի իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել տարաձայնությունների։

8.4 Տարաձայնությունների լուծումը պետք է իրականացվի այնպես, որ Ընկերության գործունեությանը հասցվող հնարավոր վնասը նվազագույնի հասցվի, իսկ խնդրի լուծման գործընթացը լինի հնարավորինս արագ և արդյունավետ։

8.5 Կոնֆլիկտային իրավիճակները լուծվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընկերության տնօրենի մասնակցությամբ։

8.6 Ընկերությունը խրախուսում է տարաձայնությունների լուծումը կառուցողական բանակցությունների, միմյանց լսելու և կանխարգելիչ քայլերի միջոցով։

8.7 Տարաձայնության լուծման գործընթացում պետք է պահպանվեն պրոֆեսիոնալիզմի, արդարության և ազնվության սկզբունքները։

8.8 Արտաքին հարաբերություններում տարաձայնությունների դեպքում աշխատակիցները պարտավոր են գործել` միայն ելնելով Ընկերության շահերից և անհապաղ տեղեկացնել այդ մասին տնօրենին։

9. Ահազանգման համակարգ

9.1 Հավատարիմ լինելով թափանցիկության և հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներին` Ընկերությունը խրախուսում է Ընկերության ներսում տեղեկատվության ազատ տարածումը` ապահովելով միջոցներ էթիկապես ոչ ճիշտ վարվելակերպի կամ խախտումների դեպքերը բացահայտելու և կանխելու համար:

9.2 Ընկերությունը խրախուսում է բոլոր աշխատակիցներին հաղորդել աշխատավայրում խախտումների կասկածների և հիմնավորված անհանգստությունների մասին:

9.3 Ընկերությունը հետևում է Ընկերության կողմից սահմանված խախտումների վերաբերյալ ահազանգման, խախտումների բացահայտման և կարգապահական տույժերի կիրառման բոլոր պահանջներին: Բոլոր ահազանգերը հետաքննվում են գաղտնի և պատշաճ կերպով՝ բացառելով խնդիրը ներկայացված անձի նկատմամբ որևէ խտրականության, չարաշահման կամ այլ կամայականության դրսևորում:

9.4 Դեպքերը, որոնց մասին պետք է ահազանգել/տեղեկացնել ներառում են (բայց չեն սահմանափակվում).

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված ոչ օրինական արարքները, ինչպես նաև Կանոններով, Ընկերության այլ ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները չպահպանելը,
  • զեղծարարության կամ խարդախության, կոռուպցիայի, նվերներ, կամ այլ միջոցներ ընդունելու փաստերը,
  • որևէ անձի առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող վտանգի առկայությունը:

9.5 Ցանկացած աշխատակից, ով ունի հիմնավորված կասկած, որ վերոնշյալ կետում նշված դեպքերից որևէ մեկը տեղի է ունեցել, կարող է այդ մասին ահազանգել/տեղեկացնել Ընկերությանը։

10. Կանոնների պահպանումը և խախտման համար պատասխանատվությունը

10.1 Ընկերության աշխատակիցների կողմից Կանոնների պահպանումը հիմնարար պահանջ է և կարևոր գործոն՝ նրանց անձնական, մասնագիտական և գործարար հատկանիշների ամբողջական ու օբյեկտիվ գնահատման համար։

10.2 Յուրաքանչյուր աշխատակից, ով ղեկավարության կամ Գործընկերների կողմից ենթարկվել է քննադատության մասնագիտական վարքագծի և էթիկայի խախտման վերաբերյալ, իրավունք ունի պահանջել օբյեկտիվ և արդար քննություն՝ հիմնված կիրառելի օրենսդրության և Կանոնների դրույթների վրա։

10.3 Աշխատակցի պահանջով կամ անմիջական ղեկավարի նախաձեռնությամբ քննությունը կարող է իրականացվել գաղտնի՝ ապահովելով աշխատակցի տվյալների պաշտպանությունն ու անաչառությունն ամբողջ գործընթացում։

10.4 Եթե աշխատակիցը կատարում է արարք, որը անհամատեղելի է Ընկերության հեղինակության ու իր հանդեպ ունեցած վստահության հետ, ապա տնօրենը կարող է նախաձեռնել աշխատակցի զբաղեցրած պաշտոնին անհամատեղելիության հարցի քննարկումը։

10.5 Աշխատակցի զբաղեցրած պաշտոնին անհամատեղելիության հարցը քննարկելիս հաշվի են առնվում աշխատակցի կատարողականի գնահատման արդյունքները, որակաավորման փաստաթղթերը կամ այլ համապատասխան նյութերը, որոնք անհրաժեշտ են նրա որակավորմանը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը վերանայելու համար։

10.6 Կորպորատիվ մշակույթը և էթիկայի նորմերի պահպանումը առաջնային արժեք են Ընկերությունում յուրաքանչյուր աշխատակցի համար։ Կորպորատիվ մշակույթի և էթիկայի նորմերի խախտումը դիտարկվում է որպես աշխատակցի պաշտոնին անհամատեղելի վարքագիծ։

10.7 Սույն Կանոնների պահանջների չպահպանման արդյունքում Ընկերությունը և իր աշխատակիցները կարող են հեղինակության վնաս կրել, ինչպես նաև ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ և/կամ Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված պատժամիջոցների:

10.8 Սույն Կանոնների խախտումը հանդիսանում է Ընկերության ներքին իրավական ակտի խախտում, իսկ խախտում կատարած աշխատակցի նկատմամբ կարող են կիրառվել Ընկերության համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանված կարգապահական տույժեր:

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան